ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իրական և վիրտուալ Հայաստանի միջակայքում

Իրական և վիրտուալ Հայաստանի միջակայքում
03.04.2009 | 00:00

ՃԳՆԱԺԱՄ
...Չգիտես որ դարից ու որ ճակատամարտից հետո, որտեղ ակներևաբար բարոյական հաղթանակ է տոնվել, հայերիս մեջ արմատացել է այն ըմբռնումը, որ մենք փոքր ժողովուրդ ենք (Պատմահայրն էլ արդեն, թերևս, հեղինակություն չէր, որ հավատային` «Թեպետ և եմք փոքր ածու, բայց մեր երկրում էլ եղել են...»), որ մեր երկիրը մեծ աշխարհի փոքր անկյունն է... Այսինքն` մեծ աշխարհն իր ճանապարհով, մենք` մեր... ՈՒ այդ տրամաբանության ուղիղ շարունակությունն է, որ մերն ուրիշ է, որ նրանց գլոբալը մեր միկրոն է, գուցե նաև սոֆթը... Սա մեր վիրտուալ երկիրն է, որ հեռուստաալիքներով ամեն օր ներկայանում է մեզ ու այնքան լավն է, այնքան հավատ ներշնչող, այնպես կազմակերպված զարգացող, այնքան հուսալի ձեռքերում, որ ուղղակի նստիր ու վեպ գրիր այդ նոր ուտոպիայի մասին:
ՈՒ վիրտուալ այդ երկրում անգամ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը հեշտությամբ հաղթահարվում է տնտեսական մրցակցության հանձնաժողովի, ծայրահեղ դեպքում, կառավարության մի քանի որոշումներով: Բայց, վաղ թե ուշ, մարդն անջատում է հեռուստացույցը (հիշեցնենք, որ ապրիլի 1-ից էլեկտրաէներգիան էլ թանկացավ` մեկ կիլովատն արդեն 30 դրամ է), ու նույնիսկ տնից դուրս է գալիս... Թող նրա մտքով էլ չանցնի դեղատուն մտնել, որովհետև դեղատները վերածվել են արտասահմանյան ֆիրմաների բուտիկների մասնաճյուղերի` գների առումով: Մի տարբերությամբ` այդ մասնաճյուղերում զեղչեր չեն լինում: Իսկ եթե ցավում է գլուխդ` դիմիր ժողովրդական բժշկությանը, ավելի լուրջ խնդիրների դեպքում... Բայց մենք արդեն մտնում ենք իրական Հայաստան:
Իսկ իրական Հայաստանում չեն ստացվել Չինաստանից ակնկալվող վարկը, Ռուսաստանից ակնկալվող վարկը... Ճիշտ է, Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլար է տրամադրել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, այդքան էլ կառավարությունն է հատկացրել, բայց որպեսզի այդ փոքր ու միջին կոչվածը զարգանա, հարկային կառույցները պետք է նվազագույնը օրենքի դաշտում աշխատեն: Ահա այս կետում սկսվում է իրական Հայաստանը, որտեղ ոչ մի կերպ չի հաջողվում օրենքի դաշտ բերել բոլոր հարկատուներին: Անձեռնմխելիների կոհորտան այնքան պաշտպանված է, որ նրանց բեռն ինքնաբերաբար պիտի կրի փոքր ու միջին անվանված բիզնեսը, եթե, իհարկե, տանիք չգտնի, որը հնարավորություն կտա գոնե օրենքով աշխատել: Աբսուրդ է, չէ՞: Իսկ աբսուրդ չէ՞ր դրամի փոխարժեքի արհեստական պահպանումը, որից հետո նավը պիտի հանձնեին ծովին` գնա, ազատ լողա... խորտակվես` մեղավորը դու ես, ծովում նաև փոթորիկներ են լինում: Աբսուրդ չէ՞ր այս պայմաններում հաշվիչ դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումը. միևնույն է, նույնիսկ առասպելական շահումների խոստումների (որոնք չիրականացան) ու թեժ գծերի ստեղծումով չհասան ցանկալիին` կտրոնները կամ չեն տրվում, կամ կիսատ-պռատ են տրվում... Եվ, ի վերջո, հարկային դաշտ բոլորին ներգրավել չհաջողվեց, որովհետև կա պարզ պատճառ. դա նրանց ձեռնտու չէ, այդպես աշխատել հնարավոր չէ:
Ի վերջո, պարզ է պատկերը. արտերկրից ստացվող գումարները հայտնի պատճառներով նվազել են, ավելին, աշխատանքը կորցնելով, շատերը հարկադրված են վերադառնալ Հայաստան, ահա և լրացուցիչ գործազուրկներ, որոնց ևս աշխատանք է պետք... «Հին» ու «նոր» այդ գործազուրկների համար կգտնվի՞ աշխատանք, կկարողանա՞ն վերաորակավորում կամ վերամասնագիտացում ստանալ մարդիկ, ովքեր արդեն ապրել են կյանքի կեսը և ուզում են մյուս կեսն էլ ապրել: Կգտնեն նրանք աշխատանք, թե ոչ, ակնհայտ է կենսամակարդակի որոշակի անկումը, որից խուսափել չի հաջողվելու:
Կառավարությունը, իհարկե, ծրագրեր է մշակում, քայլեր է ձեռնարկում, նույնիսկ մեծահոգաբար համաձայնեց պետական ապարատի ծախսերը կրճատելուն: Բայց որքանո՞վ է իրական. ակնհայտորեն շարունակվում են բազմամարդ պատվիրակությունների պաշտոնական ու անպաշտոն այցերը առիթով ու անառիթ Փարիզից (որ կարծես Հայաստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է դարձել` այնքան շատ են Փարիզ մեկնում տարբեր մասշտաբի հայ պաշտոնյաները) մինչև Պեկին (որ հայերիս հարազատ երկիր է նաև միջկուսակցական հարաբերությունների գծով): Ծառայողական մեքենաների թիվը չի կրճատվել: Պետական կառավարման առանց այդ էլ ուռճացված համակարգում նոր կառույցներ են ավելանում: Կոռուպցիան էլ ինչ-որ անհեթեթ ակցիաներով ու մի քանի հազար դրամ կամ դոլար գրպանած աստիճանավորների բացահայտումով չի վերանում. Արիադնայի այդ կծիկը պետք է մինչև վերջ քակել, եթե ուզում ես լաբիրինթոսից դուրս գալ: Սրանք, ի վերջո, անկարևոր մանրուքներ են Հայաստանի տնտեսության վիճակի համեմատ:
Պարզապես բոլորը սպասում են, թե ինչ է լինելու...
Սպասում են նաև նրանք, ովքեր այդ ինչը պիտի անեն, բայց չեն անում, որովհետև չգիտեն` ինչպես: Իսկ դա արդեն կոչվում է ոչ թե ֆինանսատնտեսական, այլ կառավարման ճգնաժամ: Անկախ նրանից` փաստն ընդունվում է, թե ոչ, նրա իրական գոյությունն օրեցօր շոշափելի է դառնում. համոզվելու համար յուրաքանչյուրը կարող է համեմատել սեփական դրամապանակի պարունակությունն ապրանքների ու ծառայությունների գների հետ ու ընդամենը հաշվել` իր եկամուտով ամիսը քանի՞ օր կարող է ապրել, ի՞նչ պիտի անի ու ի՞նչ չանի, որովհետև գումար չունի: Եվ եթե «չանի»-ների սյունակն ավելի երկար լինի, այդ ժամանակ արդեն գիտակցությունը կընկալի, որ դա անձնական խնդիր չէ. համակարգային լուծում պահանջող խնդիրները մարդիկ մենակ-մենակ չեն լուծում:
...Մարդկանց պետք են ոչ թե գիտական եզրույթներով համեմված դասախոսություններ, ոչինչ չասող բառակույտերով հանդիպումների արձանագրումներ, այլ պարզ ու հուսադրող խոսք. այ, այսքան ժամանակ կլինի այսպես, որովհետև այսպիսին է վիճակը, հետո կլինի այսպես, որովհետև, այսպես ու այսպես, ձեռնարկվել են այս-այս քայլերը, ի վերջո, ոչ առաջին, ոչ էլ վերջին ճգնաժամն է աշխարհն իր մեծ ու փոքր անկյուններով ապրում, հաղթահարում ու ավելին` վերելք սկսում... Ժամանակի հարց է, բայց աշխարհում ամեն ինչ, ի վերջո, հենց ժամանակի հարց է, խնդիրն այդ ժամանակը ճիշտ օգտագործելն ու կորուստները նվազագույնին հասցնելն է: Այդ թվում` բարոյահոգեբանական, մարդկային ու արժեքային համակարգերում... Ճգնաժամի հաղթահարումը նախ պիտի լինի գաղափարական դաշտում, մտովի, հոգեբանական, հետո նոր մտնի իրական կյանք, իսկ դրա համար հավատ է պետք, հավատի համար էլ նախադրյալներ են պետք, որ ամեն օր մեռնում են վիրտուալ Հայաստանի պատկերներում, որովհետև իրական Հայաստանն ավելի շոշափելի է ու մեր կյանքի բովանդակությունն է:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3828

Մեկնաբանություններ